Մենք պետք է հնարավորինս քիչ խոսենք այն սկզբունքների մասին, որոնք նույնիսկ համանախագահները ժամանակին համարեցին արխիվում գտնվող: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, գրում է News.am-ը:
«Օրինակ՝ փուլային տարբերակ կար, որն այսօր գոյություն չունի, որովհետեւ դա մերժվեց առնվազն Արցախի կողմից, հետագայում եղել են Մադրիդյան սկզբունքները, հետագայում Լավրովը հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքների մի մասն ընդունելի է բոլոր կողմերի համար, եւ մնաց մի փոքր մաս, հետո պարզվեց՝ այս փոքր մասն ավելի կարեւոր է, քան մնացած համաձայնեցված մասը:
Այստեղից ծնվել են Կազանյան սկզբունքները, հետո մի պահ եղավ, որ Լավրովի առաջարկություններն ի հայտ եկան եւ այլն: Քանի որ այս բոլոր սկզբունքները ժամանակին մերժվել են այս կամ այն պատճառով, ինձ թվում է, որ մենք չպետք է փորձենք դիվանագիտական արխիվից, ես կասեի աղբարկղից վերցնել այդ մերժված փաստաթղթերը եւ փորձենք այլ ձեւով ներկայացնել»,-ասել է նա: