ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կարմիր տեռորի ու ֆաշիստների, կեղծ սիրո ու մտահոգիչ խաղաղասիրության, ինչպես նաև օտարերկրյա գործակալների մասին.
Երեկ տեղի ունեցավ իրականության մանիպուլյատիվ և կամայական հերթական
մեկնաբանությունը Փաշինյանի կողմից:
Հերթով՝
• Ասում է՝ սերը հաղթեց օլիգարխիային…Սիրո մասին…Այդ կեղծ սիրո ու սուտի համերաշխության քարոզիչները ո՞րտեղ են տեսել դագաղներով, սև ժապավեններով,տոտալ հայհոյանքներով և շանտաժով ու սպառնալիքով սեր:
Հիշեցի բոլշևիկներին, որոնք կարմիր տեռոր էին իրականացնում, ցարական ընտանիքին գնդակահարում էին և հայտարարում, թե դա արվում է հանուն Ռուսաստանի նկատմամբ սիրո:
Փաշինյանը թող ինքն իրեն հարց տա՝ իսկ ու՞ր են հիմա այդ բոլշևիկները:
Օլիգարխներին մի վայրկյանում խոշոր սեփականատեր հռչակելով՝ Փաշինյանը ձևն է փոխում, ոչ թե բովանդակությունը:
Եթե Փաշինյանը լավ նայի աջ ու ձախ կողմերը, կտեսնի,որ օլիգարխիան ոչ միայն կա, այլ նույնիսկ ծաղկում է իր հետ միասին:
• Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարության հաղթանակ:
Այդ ո՞րտեղ է տեսել ժողովրդավարություն, որտեղ ԱԱԾ-ով են վախեցնում, ասֆալտին պառկեցնում, քաղաքացիներին նվաստացնում, վզից բռնում, շինծու քրեական գործեր հարուցում:
Տեսել է՞… Ես էլ ճիշտն ասած… 20-րդ դարի 30-ականներին Գերմանիայում մի ստահակ կար. մարդկանց միլիոններով ոչնչանում էր և հայտարարում, թե իր շարժումը մաքուր քրիստոնեական է:
• Փաշինյանն ասում է՝ Ալիևի հետ ազնիվ և կառուցողական զրույց են ունեցել ու աջ ու ձախ շռայլում խաղաղասիրական խոսքեր:
Խաղաղասիրությունը լավ է, երբ դիմացինդ է խաղաղասեր:
Հիշեցման կարգով ասեմ, որ 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը Մյունխենում խաղաղասիրական պակտ կնքեց Մուսոլինիի և Հիտլերի հետ ու գլուխ էր գովում, թե խաղաղություն է բերել Մեծ Բրիտանիային:
Ընդամենը 1 տարի անց Հիտլերը սկսեց 2-րդ աշխարհամարտը:
Պատմությունից դասեր պետք է քաղել: Եթե չես քաղում, նա քեզ դաժանորեն պատժում է:
• Փաշինյանը Իրանում խոսեց օտարերկրյա գործակալների մասին:
Սպասում էի, որ գործակալների անունները կհնչեցներ Ստրասբուրգից: Չհնչեցրեց. տեսնես վախեցավ, թե՞ անուններն է մոռացել»: