Ցանցում Geekbench հավելվածով հրապարակվել են iPhone 11-ի արդյունավետության թեստերի արդյունքները: Այդ մասին գրել է Macrumors-ը:
Սմարթֆոնը կստանա վեցմիջուկանի պրոցեսոր՝ 2,6 գիգահերց հաճախությամբ եւ չորս գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Ըստ լուրերի, հենց այդպիսի բնութագրեր կունենա նոր iPhone Xr-ը, որն անվանում են iPhone 11: Այսպես, մեկմիջուկանի թեստում այն հավաքել է 5415 միավոր, իսկ բազմամիջուկանիում՝ 11294 միավոր:
Համեմատության համար նշենք, որ iPhone Xr-ը շուրջ 4,8 հազար միավոր է հավաքում մեկմիջուկանի եւ 11,5 հազար միավոր՝ բազմամիջուկանի թեստերում: Ընդ որում՝ սմարթֆոնն ունի ընդամենը երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն, իսկ A12 պրոցեսորն աշխատում է 2,49 գիգահերց հաճախությամբ:
Ըստ լուրերի, սմարթֆոնը կստանա կրկնակի խցիկ՝ լայնանկյուն եւ զում-օբյեկտիվներով: Սարքի էկրանը եւ չափերը կմնան նույնը, սակայն Apple-ն այն կթողարկի կորպուսի նոր գույներով՝ կանաչ եւ մանուշակագույն:
Apple-ի նոր սմարթֆոնների շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 10-ին: Նորացված iPhone Xr-ի հետ միասին ընկերությունը կներկայացնի iPhone Xs-ը եւ Xs Max-ը: Դրանք կստանան եռակի խցիկ՝ գերլայնանկյուն օբյեկտիվով, ինչպես նաեւ Face ID բավելավված համակարգ: