Այսօր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է
17.07.20 | 11:30
Այսօր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր, վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մալայանի ծննդյան օրն է.
Ալեքսանդր Մալայանի ներդրումը Հայաստանում ակնաբուժության կայուն զարգացման, գիտական նվաճումների գործում բացառիկ է, անօրինակ ու անգնահատելի: Ալեքսանդր Մալայանը 40 տարուց ավելի գործունեություն ծավալելով ակնաբուժության ոլորտում՝ կարծես դարձել է հայ ակնաբուժության հայրը, ով տարիներ շարունակ ղեկավարելով ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնը, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը՝ խթանել է դրանց զարգացումը և կրթել բազում սերունդներ: Պատահական չէ, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ՀՀ ակնաբուժության ոլորտի լավագույն կադրերի պատրաստման դարբնոցն է, Ալեքսանդր Մալայան ուսուցչի մեծ ընտանիքը: Այդ ամենը նրան հաջողվել է՝ շնորհիվ տարիների քրտնաջան աշխատանքի, հայրենասիրության, ակնաբուժության հանդեպ անսահման սիրո, մասնագիտական ճիշտ ու արդյունավետ մոտեցումների, որոնցից մեկը կրթության և գիտության հավերժ կապի պահպանումն է, ինչը իր ղեկավարած ակնաբուժական կենտրոնի հիմնաքարն է: Ալեքսանդր Մալայանի կողմից Հայաստանի ակնաբուժության կլինիկական պրակտիկայում առաջին անգամ ներդրվել են միկրովիրաբուժական նոր մեթոդներ, որոնք են՝ կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, ֆակոէմուլսիֆիկացիա, մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում /կերատոպլաստիկա/, վիտրեկտոմիա և այլն: Մինչև այսօր էլ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը քայլում է ժամանակակից ակնաբուժության զարգացումներին համընթաց, համարվում Հայաստանի միակ մասնագիտացված ակնաբուժական կենտրոնը՝ ներդնելով ժամանակակից բոլոր վիրահատական և բուժման մեթոդները: Շնորհավորում ենք վաստակաշատ ակնաբույժ, մեծ ուսուցիչ, գիտնական, հոգով հավերժ երիտասարդ Ալեքսանդր Մալայանին՝ մաղթելով նրան առողջություն, մասնագիտական բազում հաջողություններ և երջանիկ կյանք՝ իր ստեղծած անսահման սիրո, բարության և անվերապահ հավատի աշխարհում: