Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն: Լուրն անսպասելի էր հայ հասարակության համար, և նույնիսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր հաջորդ օրը շտապել հայտարարել, որ մամուլից է տեղեկացել Նիկոլ Փաշինյանի այդ որոշման մասին։
Հենց նույն օրն իսկ Հայաստանում բարձրացավ դժգոհությունների մեծ ալիք, սկսվեցին հանրահավաքներ՝ վարչապետի հրաժարականի պահանջով:
168.am-ը նոյեմբերի 11-ին գրավոր հարցում էր հղել ՀՀ նախագահին՝ ակնկալելով ստանալ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ:
ՀՀ նախագահի աշխատակազմից այսօր ստացանք մեր հարցադրումների պատասխանները.
– Պարբերաբար տեղեկանում ենք, որ շարունակում եք քաղաքական խորհրդակցությունները, այդուհանդերձ, երկրում իրավիճակը ճգնաժամային է: Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել՝ լինելո՞ւ են արդյոք քայլեր, որոշումներ, որոնք կկանխեն հետագա սրացումները և քաղաքացիական պատերազմի վտանգը, ինչի մասին տարբեր քաղաքական շրջանակներ արդեն բարձրաձայնել են:
-Նոյեմբերի 10-ին տարածած հայտարարության մեջ նախագահ Սարգսյանը հստակ ասել է. «Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը»: Ձեր նշած խորհրդակցությունները և դրանից բխող քայլերը պետք է դիտարկել այդ համատեքստում:
– Արդյոք ստեղծված իրավիճակի, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված հայտնի համաձայնությունից հետո, որի մասին Դուք տեղեկացել էիք մամուլից, զրուցե՞լ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Եթե այո, ապա ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել (նկատենք՝ հանդիպումը հաջորդել էր մեր հարցմանը)։
– Պաշտոնական հաղորդագրությամբ արդեն իսկ տեղեկացվել է Հանրապետության նախագահի և վարչապետի հանդիպման մասին:
– Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված այդ պայմանավորվածության և փաստաթղթի վերաբերյալ:
– Նախագահ Սարգսյանը բազմիցս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության ու կարևորության հարց է և, որ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին ու իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։
– Դուք արդյոք կմիանա՞ք քաղաքական 17 ուժերի կողմից Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի մասնակիցների՝ վարչապետի հրաժարականի պահանջին:
– Հանրապետության նախագահն ի պաշտոնե չի կարող միանալ կամ մասնակցել քաղաքական որևէ ակցիայի, հանրահավաքի, ցույցի:
Նախագահ Սարգսյանը համարում է, որ այսօր յուրաքանչյուրիս գործունեությունը պետք է ուղղված լինի Հայրենիքը ցնցումներից զերծ պահելուն, միասնականություն ու համախմբվածություն ապահովելուն:
– Չե՞ք պատրաստվում արդյոք դիմել հասարակությանը՝ ներկայացնելու Ձեր տեղեկությունները և Ձեր դիրքորոշումը:
– Հանդիպումների ու խորհրդակցությունների ավարտից հետո հաջորդ շաբաթ Հանրապետության նախագահը հանդես կգա ուղերձով: