Երիտասարդների փորձի և գիտելիքների փոխանակման մեծ ծրագիր' Հայաստանում. Լուսավոր Ապագա ՀԿ
12.10.21 | 14:04
Նոյեմբերի սկզբին նիդերլանդական <<Լուսավոր Ապագա>> ՀԿ Հայաստանում կիրականացնի երիտասարդների փորձի և գիտելիքների փոխանակման մեծ ծրագիր' «Վաճառքներ» թեմայով: Օրերս կազմակերպության երիտասարդ ներկայացուցիչները' եվրոպական և հարևան մի շարք երկրներից ժամանած գործընկերների հետ համատեղ իրականացրեցին կազմակերպչական աշխատանքների մանրամասն նախագծում և պլանավորում:
Չորսօրյա այցի շրջանակներում նրանք հասցրեցին վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել նախագծի հատուկ հյուրերի հետ, կատարեցին նախնական կազմակերպչական աշխատանքներ, հյուրընկալվեցին ATV հեռուստաընկերության առավոտյան ծրագիր: Բացի այդ, նախագծի միջազգային թիմը հասցրել է լինել Մատենադարանում, ինչպես նաև' ճաշակել հայկական ուտեստներ: Նիդերլանդներից ժամանած նախագծի թրեյներ Էլիզաբեթ Բենթոն հատուկ նշեց, որ Հայաստանն իր տեսած ամենակրեատիվ երկրներից մեկն է. <<Ես հիացած եմ հայերի տաղանդով. ամեն երկրորդը կարող է գեղեցիկ և կրեատիվ իրեր պատրաստել ձեռքով>>:
<<Վաճառքներն ամենուր են>> տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվում է Եվրոպական Միության բարձր հովանու ներքո: Այն կմեկնարկի նոյեմբերի 4-ին: Նախագիծը շահույթ չի հետապնդում:
Եվրոպայից և հարևան երկրներից ժամանած երիտասարդները ներգրավված կլինեն գիտելիքների և փորձի փոխանակման ինտերակտիվ ծրագրում: Նպատակն է ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել սեփական գիտելիքներն ու փորձը' վաճառքի ասպարեզում: Հատուկ հյուրերի շարքում կլինի Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը: Նախագիծը խոստումնալից է: