23 մեդալ, միջազգային կարգի սպորտի մեկ վարպետ. Գրեփլինգի ֆեդերացիայի նախորդ տարին հագեցած էր
24.02.22 | 17:57
Մեկ տարի առաջ Հայաստանում իր գործունեությունը սկսեց Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան, որն իր շուրջ արդեն հասցրել է համախմբել ավելի քան 2500 մարզիկի՝ Հայաստանը ներկայացնելով մի շարք միջազգային մրցաշարերում: ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը և գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը ամփոփեցին մեկամյա գործունեությունը, խոսեցին ֆինանսավորման եղանակների և առաջիկա անելիքների մասին:
Վլադիմիր Հովհաննիսյանի խոսքով` հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ մեծ է, քանի որ շատ մարզիկների համար այն երկրորդ հնարավորություն է դառնում։ Մեկ տարվա ընթացքում մարզիկները նվաճել են 23 մեդալ, որոնց թվում` Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկ արծաթե մեդալ և Աշխարհի առաջնության մեկ բրոնզ: Հինգ բրոնզե մեդալ՝ Աշխարհի երիտասարդների առաջնությունից, 14 մեդալ՝ Աշխարհի դպրոցահասակնների ոչ պաշտոնական առաջնությունից, որը ՌԴ ֆեդերացիան է անցկացրել:
Կարևոր է նաև այն, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ ֆեդերացիայի ներկայացուցիչներն այս տարվանից կարող են ՀՀ և միջազգային սպորտի վարպետի կոչումներ ստանալ: Գրեփլինգի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մայիս Ներսիսյանը արդեն հասցրել է դառնալ միջազգային կարգի սպորտի վարպետ, նա Հայաստանում առաջինն է:
Սարգիս Բազինյանը խոսեց նպատակների և առաջիկա ծրագրերի մասին
Ֆեդերացիայի նպատակներից է մարզաձևը զարգացնել մարզերում, արդեն ներկայացուցչություն կա Արմավիրում ու Լոռիում, իսկ մոտ ապագայում` Կոտայքի մարզում, որին կհաջորդեն նաև սահմանամերձ մարզերը: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի հետ սերտ համագործակցության արդյունքում՝ մարզաձևի մասին նեղ մասնագիտական կրթություն կտրամադրվի: Ուշադրության կենտրոնում է մարզիչների վերապարաստումը, որակավորման բարձրացումը, քանզի միջազգային կարգի մրցավարներ ունենալը ևս գլխավոր նպատակներից մեկն է:
Ֆեդերիացիայում հիմա նախապատրաստական բուռն փուլ է՝ մարտի 26-27-ը Բուդապեշտում կկայանա գրեփլինգի մեծահասակների Եվրոպայի առաջնություն Gi և No-Gi ձևաչափով: Աշնանը Հայաստանում միջազգային մրցաշար է պլանավորված։
Պետական ֆինանսավորում չունեն, օգնում են աջակիցները
Բազինյանը ու Հովհաննիսյանը նշում են՝ դեմ չեն ֆինանսավորմանը, բայց պետության համար ավելորդ բեռ դառնալու միտում չունեն։ Բացի ֆինանսական աջակցությունից, կան շատ այլ հարցեր, որոնց շուրջ պետության հետ կարող են սերտ համագործակցել։ Նախորդ տարվա ծրագրերն իրականություն են դարձել VBet և SoftConstruct ընկերությունների միջոցով:
Արմինե Բրսոյան