Չինաստանը հունիսի 2-ին առափնյա պահպանության նավեր է ուղարկել դեպի Դյաոյույդաո վիճելի կղզիներ (ճապոնական անվանումը Սենկակու) ծովային պարեկություն անցկացնելու համար: Այդ մասին վկայում է ՉԺՀ-ի ծովային ոստիկանության վարչության հայտարարությունը:
«Հունիսի 2-ին ծովային ոստիկանության նավերի միավորումը պարեկություն է անցկացրել Դյաոյույդաո կղզիների ջրատարածքում»,-ասվում է ծանուցման մեջ, որը հրապարակվել է WeChat սոցիալական ցանցում ՉԺՀ-ի ծովային ոստիկանության վարչության պաշտոնական օգտահաշվում: Սենկակու կղզիները (չինական անվանումը Դյաոյույդաո) Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ տարածքային վեճի առարկա են: Ճապոնիան պնդում է, որ դրանց տիրում է 1895 թվականից, Պեկինում հիշեցնում են, որ 1783 եւ 1785 թվականների ճապոնական քարտեզների վրա Դյաոյույդաոն (Սենկակու) նշված է որպես չինական տարածք:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվել են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո եւ Ճապոնիային են հանձնվել 1972 թվականին: Տայվանում եւ մայրցամաքային Չինաստանում կարծում են, որ Ճապոնիան կղզիներն անօրինականորեն է վերահսկում: Տոկիոն կարծում է, որ Չինաստանը եւ Տայվանը սկսել են կղզիներին հավակնել 1970-ական թվականներից, երբ պարզվել է, որ դրանց ջրատարածքը հարուստ է օգտական հանածոներով: Տարածքային վեճն էլ ավելի է սրվել այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը 2012 թվականին մասնավոր ճապոնական սեփականատիրոջից գնել է հինգ կղզիներից երեքը՝ այդպիսով ընդգծելով դրանց պետական կարգավիճակը:
Ավելի վաղ Ճապոնիա-ԵՄ 28-րդ գագաթնաժողովի արդյունքներով հրապարակվել էամատեղ հայտարարություն, որից հետեւում է, որ Ճապոնիան եւ Եվրամիությունը լուրջ անհանգստություն են հայտնում Արեւելաչինական ծովում, ներառյալ Սենկակու կղզիների շուրջ գտնվող շրջանը, ստեղծված իրադրության, ինչպես նաեւ Չինաստանի ռազմական ակտիվության ուժեղացման կապակցությամբ: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն ավելի վաղ հայտարարել է, որ Դյաոյույդաո կղզիները «Չինաստանի անքակտելի մասն են», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: