Դեպի Արևմուտք գնացող Հայաստանը հետաքրքիր չի նաև Ռուսաստանի համար
14.10.22 | 20:00
Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին 1924 թվականի իր աշխատության մեջ գրել էր, որ Անդրկովկասում քաղաքական իդեալը անդրկովկասյան սերտ ու հոժարակամ դաշնակցությունն է ( Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) համառուսական մեծ միության մեջ:
Քաջազնունու արտահայտած մտքի այլընտրանքը՝ արևմտյան խառնակչության պատճառով անընդհատ արյունահոսող Անդրկովկասն է, ինչի ականատեսն էինք 20-րդ դարի սկզբում և հիմա։
Համառուսական մեծ միության կազմում անդրկովկասյան դաշնակցության մեջ մենք՝ հայերս, մեզ բաժին հասած մտավոր և հոգևոր հարուստ ժառանգության շնորհիվ, կարող էինք/ենք լինել այդ դաշինքում (Ադրբեջանի մասով դաշինք բառը պայմանական է) առնվազն գաղափարախոսական և տեխնոլոգիական առաջնորդը և ունենալ բնական մրցակցային առավելություն ի շահ մեր ժողովրդի։
Եթե Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, ապա նույն Արևմուտք գնացող Վրաստանի և նաֆթ ունեցող Ադրբեջանի նկատմամբ ի՞նչ առավելություններ ունի։ Ոչ մի։ Հայաստանը, ինքն իրենով, Արևմուտքի համար հետաքրքրություն չի ներկայացնում։
Դեպի Արևմուտք գնացող Հայաստանը հետաքրքիր չի նաև Ռուսաստանի համար։ Միգուցե միայն քրիստոնյա ժողովուրդ լինելու հանգամանքը Ռուսաստանի համար նշանակություն կունենա, որն, ի դեպ, բացարձակ չի հետաքրքրում Արևմուտքին։
Դեպի Ռուսաստան ձգտող և հակա-արևմուտք, հակա-ոսկե միլիարդ Հայաստանը հետաքրքիր կլիներ Ռուսաստանի համար, պաշտպանված Արևմուտքի հարձակումներից և միգուցե նաև բազմաբևեռ արդար աշխարհի կառուցման գործում փոքր, բայց կարևոր գործոն երկիր մոլորակի վրա։