Բելառուսի ՆԳՆ կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են երկրում ահաբեկչություններ եւ դիվերսիաներ նախապատրաստող մի քանի անձանց, հայտնում է Հեռուստատեսային նորությունների գործակալությունը՝ հղում անելով հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակեւիչին։
Ձերբակալվածները, ինչպես նշվում է, հավաքագրվել են երկրում ծայրահեղական ճանաչված BYPOL ընդդիմադիր կազմակերպության կողմից եւ «փախուստի դիմած» ընդդիմության՝ այսպես կոչված, անցումային կաբինետի կողմից, գրում է թերթը։ Նրանց հանձնարարվել է ռումբեր տեղադրել ըստ «Պերամոգա» պլանի:
Կազակեւիչը նշում է, որ խոսքն «արեւմտյան հատուկ ծառայությունների նախագծի մասին է, որոնք շռայլորեն ֆինանսավորվում եւ երկար ժամանակ առաջ են մղվում»։ Նրա խոսքով, նման կազմակերպությունների գործունեությունն ուղղված է Բելառուսում իշխանության բռնի տապալմանը, իսկ անօրինական ռազմական կազմավորումների անդամները վերապատրաստվում են Լեհաստանում եւ մարտական փորձ են ձեռք բերում Ուկրաինայի տարածքում։
«Բացի այդ, փախուստի դիմած ընդդիմության կողմից այս նախագիծը ներկայացվում է որպես բացարձակապես անվտանգ իր մասնակիցների համար՝ իրավապահ մարմինների կողմից նրանց ինքնությունը պարզելու անհնարինության պատճառով։ Օպերատիվ կոմբինացիաներն իրականում շատ բարդ բազմափուլ օպերատիվ բնույթի միջոցառումներ են, որոնք իրականացրել եւ ներկայումս իրականացնում է Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեր երկրի ողջ տարածքում», ասել է Կազակեւիչը: