Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» անվամբ հայտնի շենքը, որը 1930թ. բռնագրավվել էր թուրքական պետության կողմից, 92 տարի անց կվերադարձվի հակական «Սանասարյան» հիմնադրամին: Այս մասին հայտնում է թուրքական t24-ը:
Թուրքական Sözcü թերթի հաղորդած տեղեկության համաձայն էլ շենքի սեփականության իրավունքի փոփոխության հարցով Պոլսո Հայոց պատրիարքարանը դատարան է դիմել դեռևս 2011թ.: Պատրիարքարանի բողոքի հիման վրա Գերագույն դատարանի 1-ին քաղաքացիական պալատը 2017թ. բեկանել է դատարանի որոշումը: Սակայն առարկությունից հետո պալատի բեկանված որոշումը կրկին հեռացվել է, իսկ ընդդեմ Պատրիարքարանի դատարանի վճիռը մնացել օրինական ուժի մեջ։
Այնուհետև «Սանսարյան» հիմնադրամը այս փաթեթը ներկայացրել է Սահմանադրական դատարան և անհատական դիմում է ներկայացրել։ Դիմումում նշվել է, որ հիմնադրամը ստեղծվել է հայ երեխաների կրթության և վերապատրաստման կարիքները հոգալու համար։ Դիմումում փաստարկվել է, որ 1952 թվականին նահանգային իշխանության կողմից կատարված գրանցումը համարվում է ապօրինի գրանցում, քանի որ այն հիմնված չի եղել դատարանի որևէ որոշման վրա
Սահմանադրական դատարանը միաձայն որոշում է կայացրել, որ սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ հայցն ընդունելի է, խախտվել է Սահմանադրության 35-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, և որոշման պատճենն ուղարկել Արդարադատության նախարարություն
Հայ անվանի վաճառական և բարերար Մկրտիչ Սանասարյանը Ստամբուլի Սիրքեջիում գտնվող իջևանատունը 1889թ. գնել էր Էրզրումում (Կարին) իր կողմից 1881 թվականին հիմնված Սանասարյան վարժարանի համար եկամուտ ապահովելու համար։ Իջևանատան գնմամբ ստեղծվել է «Սանսարյան» հիմնադրամը։
1915 թվականի Հայոց ցեղասպանության դեպքերից հետո Էրզրումում գործող վարժարանը փակվել է, վարժարանի փակվելուց հետո բռնագրավված իջևանատան շենքը 1920 թվականին վերադարձվել է Հայոց պատրիարքարանին։ Այնուհետև Թուրքիայի կառավարությունը 1930 թվականին շենքը վերջնականապես բռնագրավել է:
Այս տարիների ընթացքում «Սանասարյան հանը» ծառայել է, որպես ոստիկանության, ապա որպես տնտեսական դատարանի շենք: