Թայվանի զինվորականները ներկայացրել են պլաններ, համաձայն որոնց կանայք առաջին անգամ կարող են կամավորագրվել և մասնակցել պահեստազորի համար վերապատրաստման դասընթացների: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ շեշտելով, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Չինաստանը «շարունակում է ուժեղացնել ռազմական ճնշումը ժողովրդավարական ինքնավար կղզու վրա»
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս տարվա երկրորդ եռամսյակից թույլ կտա զորացրված 220 կին զինծառայողների մասնակցել դասընթացներին։
Թայվանի ՊՆ Համապարփակ պաշտպանության մոբիլիզացման գործակալությունից գեներալ-մայոր Յու Վեն Չենը հայտնել է, որ այս քայլը փորձնական կլինի այս տարվա համար:
Թայվանի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ պահեստազորի համար վերապատրաստում է միայն տղամարդ զինվորականների, քանի որ բավարար կարողություններ չկան երկու սեռերին տեղավորելու համար
Ըստ թայվանցի օրենսդիրների՝ պահեստազորի համար նախատեսված վերապատրաստման դասընթացներից կանանց բացառելը գենդերային խտրականություն է:
Դեկտեմբերին Թայվանը հայտարարել էր, որ 2024 թ.-ից սկսած՝ կերկարաձգի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը չորս ամսից մինչև մեկ տարի, և այդ պահանջը կտարածվի 2005 թ.-ից հետո ծնված տղամարդկանց վրա։
Թայվանն ունի մոտ 170 000-անոց անձնակազմից բաղկացած ռազմական ուժ, որը հիմնականում կազմված է կամավորներից: Միևնույն ժամանակ Թայվանը վերապատրաստում է տարեկան մոտ 120 000 պահեստազորի զինվորականների:
18-ից 36 տարեկան տղամարդիկ կա՛մ պետք է կամավոր ծառայեն բանակում, կա՛մ պարտադիր ծառայության ժամկետ անցնեն պահեստազորում։ Զորացրվելուց հետո տղամարդիկ ութ տարվա ընթացքում չորս անգամ վերապատրաստում են անցնում:
2021 թ.-ի դրությամբ կանայք կազմում էին Թայվանի բանակի 15%-ը. նրանք հիմնականում ոչ մարտական պարտականություններ են կատարում: