Սինգապուրի դատարանը որոշում է կայացրել, որ շվեյցարական Credit Suisse բանկը խախտել է պարտավորությունները Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ակտիվների պաշտպանության հարցում։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով` դատարանը վճռել է, որ Credit Suisse-ի սինգապուրյան մասնաճյուղը խախտել է հայցվորի նկատմամբ ստանձնած պարտավորությունները՝ չապահովելով ակտիվների պաշտպանությունը։ Դատական իշխանությունները Բիձինա Իվանիշվիլիի վնասը գնահատել են 926 մլն դոլար, այնուհետև այդ գումարը կրճատել են 79,4 մլն դոլարով՝ հանելով նախկինում նշանակված փոխհատուցումը: Վճռի համաձայն՝ գումարը կարող է հետագայում փոփոխվել «կրկնակի հատուցումը բացառելու համար»՝ հաշվի առնելով, որ անցյալ տարի այս գործի շրջանակներում Բերմուդյան Կղզիների դատարանը պահանջել է Իվանիշվիլիին տրամադրել փոխհատուցում ավելի քան 600 մլն դոլարի չափով։
Վճռի մեջ նշվում է, որ բանկը չի կարողացել կանխել մասնավոր բանկիր Պատրիս Լեսկոդրոնի մուտքը Իվանիշվիլիի ակտիվներ։ Լեսկոդրոնը 2018 թվականին դատապարտվել է խարդախության համար. նա գումար է վերցրել Իվանիշվիլիի հաշիվներից՝ իր մյուս հաճախորդների աճող կորուստները ծածկելու համար: Վրացի միլիարդատիրոջ փաստաբանները Credit Suisse-ին դատի են տվել 2015 թվականին Սինգապուրում, Նոր Զելանդիայում և Բերմուդյան Կղզիներում։
Ըստ Forbes-ի՝ Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է: