Գեղարքունիքի մարզպետն ու Հ1-ի տնօրենը քննարկել են «Ֆեստիվառ» փառատոնի հետ կապված կազմակերպչական հարցեր
09.08.23 | 19:45
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օգոստոսի 9-ին Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ համատեղ խորհրդակցություն անցկացրինք 2023 թվականի օգոստոսի 12-ին մարզկենտրոն Գավառ քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» երաժշտական եւ զբոսաշրջային փառատոնի կազմակերպիչների, Գավառի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների հետ։
Փառատոնը կազմակերպում է Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիքը»՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ամբողջ օրը քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Գեղարքունիքի մարզի տեղացի արտիստները և հյուր արտիստներ Երևանից, իսկ երեկոյան ժամը 20-ին կմեկնարկի մեծ համերգը՝ Առաջին ստուդիա Kami Friends-ի մասնակցությամբ, որին կմասնակցեն Արամ MP3, Էրիկ Կարապետյանը, Բրյունետը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Գրիգորյանը։
Մարզ ժամանած բազմաթիվ արտասահմանցի ու տեղացի հյուրերի համար կգործեն հյուրատներ, ռեստորաններ, սննդի կետեր, մի քանի ուղղություններով կիրականացվեն տուրիստական արշավներ դեպի մարզի պատմության և բնության հուշարձաններ։
Հրահանգել եմ ապահովել հասարակական կարգի պահպանությունը, տարածքների մաքրությունը, հստակեցնել սպասարկման հասցեները, տուրիստական երթուղիները, ծրագրի կատարման պատշաճ ընթացքը և քաղաքացիների իրազեկումը՝ օգոստոսի 12-ին հնարավոր ուղիներով Գավառի կենտրոնական հրապարակը շրջանցելու համար։
Զբոսաշրջային և երաժշտական այս փառատոնը Գեղարքունիքի մարզի պատմության մեջ լինելու է աննախադեպ։ Այն իր բովանդակությամբ ոչ միայն հանրահռչակելու է մեր մարզի մշակութային կյանքն ու զբոսաշրջային գրավչությունները, այլ նաեւ դառնալու է տպավորիչ ու հիշարժան ժամանցային օր՝ մեկտեղելով երաժշտական արվեստն ու զբոսաշրջությունը, օժանդակելով ձեռնարկչատիրությամբ զբաղվող անձանց կամ կազմակերպություններին»։