Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի։
Հանրային ՀԸ-ի եթերում Մարուքյանը նշել է, որ Հայաստանը չի քննարկում Ադրբեջանի առաջարկած այլընտրանքային ուղիների հարցը:
«Մեր քննարկման առարկան Լաչինի միջանցքն է»,- ասել է նա։
Ադրբեջանի կողմից կազմակերպված ապատեղեկատվության վերջին հոսքերը Մարուքյանը հիմք է համարում նոր սադրանքներ կազմակերպելու համար:
Մարուքյանն անհիմն է անվանել Բաքվի՝ «տարածքային պահանջների» վերաբերյալ Երևանին ուղղված նոր մեղադրանքները:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:
«Ադրբեջանը պարտավոր է իր զինված ուժերը դուրս բերել Խորհրդային Հայաստանի վարչական տարածքից, որը ՀՀ ինքնիշխան տարածք է ճանաչվել Ալմաթիի հռչակագրի համաձայն», -ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացրել Ադրբեջանին։