Սլովենիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն ունի եզրափակչի 6 մասնակից։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, 46 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է առնվազն արծաթե մեդալ։ Նա կարողացել է հաղթել բուլղարացի մարզուհի Ռոբերտա Հաջիյսկային ու պայքարելու է ոսկու համար։
Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչը՝ Անահիտ Հարությունյանը, 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։ Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 46 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը։
Տղաների պայքարում Հայաստանը ևս ունի եզրափակչի մասնակիցներ։ 50 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիր է նվաճել Կարեն Զախարյանը, ով հաղթանակի է հասել մոլդովացի մարզիկ Տիմոսկով Անդրեի նկատմամբ։ 54 կգ քաշային կարգում Արսեն Դարբինյանը ուժեղ է գտնվել ուկրաինացի Խորոշևսկի Հլիեբից, 80 կգ քաշային կարգում էլ եզրափակիչ է դուրս եկել Հրաչ Խաչատրյանը՝ պարտության մատնելով հունգարացի Դոմյան Ալեքսին։ Մրցավայր մեկնած մեր մյուս 7 բռնցքամարտիկներն էլ բրոնզե մեդալ են նվաճել։
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում են նաև Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը և Արթուր Վարդևարյանը։