Գաբոնում զինվորականները հայտարարել են, որ զավթել են երկրում իշխանությունը, ցրել պետական բոլոր մարմինները և ստեղծել Հաստատությունների անցման ու վերականգնման կոմիտե։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական Gabon 24 հեռուստաալիքը:
«Այսօր մենք՝ պաշտպանության և անվտանգության ուժերս, հավաքվել ենք Հաստատությունների անցման և վերականգնման կոմիտեում, Գաբոնի ժողովրդի անունից որոշել ենք պաշտպանել խաղաղությունը՝ վերջ դնելով ներկայիս ռեժիմին։ Այդ նպատակով չեղյալ են հայտարարվում 2023 թ. օգոստոսի 26-ի համընդհանուր ընտրությունները, ինչպես նաև դրանց նախնական արդյունքները: Սահմանները փակ են մինչև կլինի հետագա ծանուցում, իսկ հանրապետության բոլոր հաստատությունները լուծարված են», – հայտարարել են նրանք։
Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդել է, որ առավոտյան կրակոցներ են լսվել երկրի մայրաքաղաք Լիբրևիլում։
Զինվորականների հարձակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց օգոստոսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում Ալի բեն Բոնգո Օնդիմբայի հաղթանակի մասին, որի օգտին քվեարկել է ընտրողների 64,27%-ը։ Նա վերընտրվել է երրորդ ժամկետով։ 64-ամյա Ալի բեն Բոնգո Օնդիմբան իշխանության է եկել 2009 թ. աշնանը՝ նախագահի պաշտոնում փոխարինելով իր հորը՝ Գաբոնի երկրորդ նախագահ Օմար Բոնգո Օնդիմբային, որն իշխանության ղեկին էր 41 տարի։ Գաբոնի սահմանադրությունը չի նախատեսում նախագահական ժամկետների սահմանափակումներ։
Թե որտեղ է այժմ գտնվում նախագահը, հայտնի չէ։ Իշխանությունները դեռևս որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել։