Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը. ԱԳ նախարարն ուղերձ է հղել
20.03.24 | 12:25
ՀՀ ԱԳ նախարարն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ։
«Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, և ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։
Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության և կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։
Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։
Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային և ուսուցողական միջոցառումներ»,-նշված է ուղերձում։