Փաստաթղթերի փոխանակման արարողությունից հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո՛ պարոն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, նախևառաջ ցանկանում եմ կրկին ողջունել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Հայաստանում և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի հրավերն ընդունելու, ինչպես նաև մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական ջանքերի համար։ Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ Մենք ունենք բոլոր նախադրյալները՝ այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար։ Քիչ առաջ ստորագրված համատեղ հայտարարությունն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսլականը և երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով առաջիկա աշխատանքների հիմնական առաջնահերթությունները։
Այսօր կայացած բանակցությունների ընթացքում համակողմանի քննարկեցինք քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Քաղաքական երկխոսության առումով վերահաստատեցինք բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը։ Անդրադարձանք նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման հարցերին։ Այս համատեքստում կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության՝ Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ ստորագրած պայմանագրերը այդ երկրների միջև։ Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար։ Մեր երկրների միջև համագործակցության կարևոր ուղղություններից են նաև կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները և երիտասարդական ներուժի զարգացումը։ Պայմանավորվեցինք խրախուսել ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակումները, զարգացնել համատեղ կրթական ծրագրերն ու հետազոտական նախաձեռնությունները՝ ընդլայնելով երկու երկրների կրթական և գիտական հաստատությունների միջև անմիջական կապերը։ Մեր պետությունների և ժողովուրդների մերձեցման գործում կարևոր տեղ ունեն մշակութային և հումանիտար կապերը։ Նախատեսում ենք 2027–2028 թվականներին երկու երկրներում կազմակերպել մշակույթի օրեր։ Կարևորեցինք համատեղ ջանքերը միջազգային բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Վերահաստատեցինք մեր աջակցությունը լեռնային տարածաշրջանների կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նախաձեռնություններին։ Այս առումով, խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության միջև Սևան և Իսսիկ-Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Վստահ եմ, որ մեր այսօրվա պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը և Հայաստանի ու Ղրղզստանի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահ Սադիր Ժապարովին՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի և կառուցողական բանակցությունների համար։ Շնորհակալ եմ։ Այժմ սիրով խոսքը փոխանցում եմ գործընկերոջս: Խնդրեմ, պարո՛ն նախագահ: Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարով – Հարգելի պարոն Փաշինյան, ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, նախևառաջ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն վարչապետ, Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերի համար: Շատ բարձր եմ գնահատում Ղրղզստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելությունը և հյուրընկալությունը: Այս այցը պատմական նշանակություն ունի, քանի որ Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Համոզված եմ, որ դրա արդյունքները նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայկական կողմին կենսաբազմազանության թեմայով Առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացման առիթով։ Միջոցառումը բարձր մակարդակով է կազմակերպված և կարևոր հարթակ է դարձել բնապահպանական գլոբալ մարտահրավերներին դիմակայելու, համատեղ մոտեցումներ մշակելու համար: Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության հանձնառության վրա։ Գոհունակությամբ նշում եմ, որ վերջին տարիներին մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը գնալով ավելի ակտիվ է դարձել։ Հարգելի տիկնայք և պարոնայք, Այսօր մենք պարոն վարչապետի հետ առարկայական և բովանդակալից բանակցություններ ունեցանք, որոնց ընթացքում մանրամասն քննարկեցինք Ղրղզստան–Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակը և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Վարչապետ Փաշինյանն այս տարեսկզբից մի քանի անգամ այցելել է Ղրղզստան՝ մասնակցելու տարբեր նիստերի, և դա լավ ցուցանիշ է։ Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար, և համոզված եմ՝ հատկապես տրանսպորտի ոլորտում համատեղ ջանքերը ևս կտան արդյունք: Իսկ սա կարևոր ուղղություններից մեկը կլինի, և այս մասով տարանցման հնարավորությունները, դրանց ընդլայնումը շատ կարևոր կլինեն։ Այս ուղղություններով կարծում եմ, որ մենք կհասնենք կոնկրետ արդյունքների: Այսօրվա բանակցությունների կարևորագույն արդյունքներից մեկը երկկողմ փաստաթղթերի լուրջ փաթեթի ստորագրումն է, որը վերաբերում է քաղաքացիների տեղաշարժին, կենսաթոշակներին, կրթությանը, գիտությանը և անձնական տվյալների պաշտպանությանը: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կամրապնդեն մեր համագործակցության իրավական հիմքը և կբացեն երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ, հատկապես կցանկանայի ընդգծել Իսսիկ-Կուլ և Սևանա լճերի պահպանման գործում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը: Այս եզակի լճերը ոչ միայն անգին բնական գանձեր են, այլև մեր ժողովուրդների ազգային ժառանգության անբաժանելի մասը՝ սերտորեն կապված նրանց պատմության, մշակույթի և կյանքի հետ: Դրանք պահպանելը և ապագա սերունդներին փոխանցելը մեր ընդհանուր հավաքական պատասխանատվությունն է: Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում մտքերի բովանդակալից փոխանակման և Ղրղզստան–Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրման համար: Առիթն օգտագործելով՝ կրկին Ձեզ հրավիրում եմ Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բիշքեկում 2027 թվականի հոկտեմբերի 21-23-ը։ Անհամբեր կսպասենք և շատ ուրախ կլինենք Ձեզ կրկին ողջունել ղրղզական հողում։ Շատ շնորհակալություն ուշադրության համար։
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02