Մեր հիմնական գործողությունները, որ զորամասը լիարժեք կատարել է, եղել են ապրիլի 4-ին։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշել է ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը։
Ինչպե՞ս սկսվեց այդ օրը Ձեզ համար, որտե՞ղ էիք ապրիլի 1-ի գիշերը։
Արդեն կրակային դիրքերում էի։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մեզ սկզբից կարգադրել են սպայական կազմի հավաք կազմակերպել։ Գիշերվա ժամը 2-3-ի կողմերն էր։ Առավոտյան ժամը 5-6 արդեն բոլորը տեղերում են եղել։ Սկզբից մենք չենք իմացել, որ լուրջ մարտական գործողություններ են սպասվում։ Տեղեկություն ունեինք, որ հակառակորդը սահմանին մեծ ծավալների դիվերսիայի է դիմել։ Ապրիլի 2-ին վաղ առավոտյան բանակի հրամանատարի կողմից բանավոր կարգադրություն ենք ստացել բոլոր դիտակետերը նախապատրաստել եւ հանել մարտական կիրառման շրջաններ։ Ուղիղ 15 րոպե հետո մեկ այլ կարգադրություն եմ ստացել արդեն հրետանու պետի կողմից, որ ոչ միայն բոլոր դիտակետերը նախապատրաստենք, այլեւ ողջ զորամասը մարտական տագնապով պետք է հանվի մարտական կիրառման շրջաններ։ Միանգամից սկսել ենք նախապատրաստական աշխատանքները զորամասից դուրս գալու եւ մարտակարգերը զբաղեցնելու ուղղությամբ։
Սահմանված ժամին ստորաբաժանումներն ավագ կայաններում արդեն պատրաստ են եղել, իսկ մոտ 50 րոպե հետո արդեն շարասյուներ էին կազմել։ Այդտեղ մի առանձնահատկություն կար. չենք սպասել, որ ողջ զորամասը պատրաստություն զեկուցի, այլ այն ստորաբաժանումը, որը պատրաստություն է զեկուցել, միանգամից շարժել ենք՝ հաշվի առնելով, որ հակառակորդը կարող է օգտագործի հեռահար հրետանի, միգուցե նաեւ ավիացիա, եւ պետք էր զորամասը արագ հանել մարտական կիրառման շրջաններ։
Այդ նպատակով սկզբից առաջին հրետանային դիվիզիոնն եմ դուրս բերել մարտակարգեր՝ ըստ ստորաբաժանումների, հետո՝ իրար հետեւից, երկրորդ դիվիզիոնը։ Մեր դիվիզիոնների մի մասը մեկ առանձնահատկություն ունեն, նրանք ռեկատիվ են եւ մինչեւ դուրս գալը պետք է լիցքավորվեն։
Դիվիզոնները դուրս ենք բերել ժամանակավոր կենտրոնական շրջան եւ իրականացրել լիցքավորում։ Երբ մարտկոցը պատրաստ էր լինում, իմ հրամանով միանգամից երթ էր կատարում եւ զբաղեցնում էր սահմանված մարտակարգերը։
Ե՞րբ սկսեցիք խոցել հակառակորդի կրակակետերը։
Ապրիլի 2-ին առավոտյան արդեն մարտակարգերում ենք եղել որոշ ստորաբաժանումներով, զբաղեցրել ենք դիտակետերը եւ հետախուզություն իրականացրել։ Նշեմ, որ մարտակարգերը զբաղեցրել ենք հակառակորդի կողից արձակվող կրակի տակ։ Մեր ուղղությամբ կրակել են Դ-30, TR-107 զինատեսակներից։ Կարճ ժամանակում հետախուզությունը լրիվությամբ իրականացրել ենք, ճշտել հակառակորդի բոլոր նշանակետերը։
Առաջին կրակը մեզ վրա բացել են կրակ վարող հրետանային մարտկոցներից։ Հակառակորդի երեք մարտկոց էր տեղակայված այդ հատվածում, որի ուղղությամբ էլ կրակ բացեցինք եւ իրենց մարտկոցները խոցեցինք։ Այնուհետեւ պարբերաբար հայտնվող ու մեզ վրա կրակ վարող հրետանային, ռեակտիվ, ականանետային մարտկոցների վրա մինչեւ երեկո կրակ ենք վարել։
Այսինքն ինքներդ որոշումներ էիք կայացնում եւ միանգամից խոցո՞ւմ։
Այո։ Բանակի հրամանատարից ճշտել էինք, թե ինչպիսին է լինելու մեր մարտավարությունը, ինչին ի պատասխան հրամանատարը ասել է, որ կրակ ենք վարելու միայն մեզ վրա կրակ վարող հակառակորդի կրակային միջոցների վրա։ Ինչպես նաեւ՝ եթե հակառակորդը որեւէ տեղից հարձակողական գործողություն սկսի՝ այդտեղ էլ խոցել։
Իմ անմիջական խնդիրն էր խոցել կամ ճնշել հակառակորդի հրետանային, հրթիռային եւ ականանետային մարտկոցները, որոնք կրակ էին վարում կամ ճնշում էին մեր առաջնագիծը եւ ստորաբաժանումները, որոնք թույլ չէին տալիս, որ մեր հիմնական ուժերը ծավալվեն։ Մեր առջեւ դրված խնդիրը հաջողվել է իրականացնել։ Այդ օրը մինչեւ երեկոյան ժամը 24-ը կրակ ենք վարել։
Ապրիլի 2-ին եւ 3-ին մենք վարել ենք մասնավոր կրակոցներ հակառակորդի կրակ վարող հրետանային միջոցների վրա։ Հիմնականում մեր սահմանում, որտեղ մենք մեր մարտական խնդիրն ենք իրականացրել, հակառակորդի ակտիվ հրետանային մարտկոցներ են եղել, այսինքն փողային հրետանային միջոցներ՝ սկսած 3-րդ պաշտպանական շրջանից մինչեւ 5-րդ պաշտպանական շրջանի հատվածներում։ Այդ տեղամասերում հայտնված բոլոր հրետանային միջոցները մեր զորամասի ստորաբաժանումների միջոցով ճնշվել են՝ օգտագործելով քիչ քանակությամբ զինամթերք, բայց գործելով բավականին արդյունավետ։
Բացի մեր հիմնական պատասխանատվության տակ գտնվող սահմանագծից՝ ակտիվ աջակցել ենք նաեւ 5-րդ պաշտպանականի աջակողմյան գումարտակին։ Այդ ուղղությամբ աշխատել է մեկ մարտկոց, որը կարողացել է հարձակվող հակառակորդի շարասյուները, գումարտակները, հրետանային միջոցները եւ անմիջապես հարձակվող ստորաբաժանումները ճնշել եւ խոցել։ Դա եղել է ապրիլի 2-3-ը։
Այդ օրերին աջակցել ենք նաեւ 3-րդ պաշտպանականի ձախակողմյան գումարտակին։ 4-րդ պաշտպանական շրջանի հատվածում հիմնականում ճնշել ենք հակառակորդի հրետանային միջոցները, որոնք փորձում էին ճնշել մեր զորքին եւ ակտիվություն էին ցուցաբերում։
Մեր հիմնական մարտական գործողությունները, որ զորամասը լիարժեք կատարել է, եղել են ապրիլի 4-ին։ Ժամը մոտ 16։00-ին հակառակորդը ակտիվություն է ցուցաբերել 4-րդ պաշտպանական շրջանի երկու թեւերում էլ։ Բավականին լուրջ քանակությամբ ստորաբաժանումներ են եղել կենտրոնացման շրջաններում։ Այդ ժամանակ էլ սկսել են մեր ուղղությամբ կիրառել 60 մմ, 82 մմ, 120մմ ականանետեր։ Սկզբից հակառակորդը կրակ էր վարում հիմնականում ականանետային դասակների, մարտկոցների, առաջնագծի եւ առաջնագծում տեղակայված դիտակետերի վրա։ Այնուհետեւ սկսեցին ավելի խորքային կրակ վարել։ Մոտ երկու ժամ հակառակորդը ավելի ինտենսիվ կրակ էր վարում մեր ուղղությամբ։ Իսկ ժամը 18։00-ի կողմերը դիտակետից նկատել եմ հակառակորդի երկու մեծ շարասյուններ, մեկը՝ 4-րդ պաշտպանական շրջանի աջ թեւի ուղղությամբ, մյուսը՝ նույն պաշտպանական շրջանի ձախ թեւի ուղղությամբ։
Միանգամից որոշում եմ ընդունել դեպի մեր դիրքերը շարժվող հակառակորդի շարասյունների վրա կրակ վարել եւ ճնշել։ Հակառակորդի կողմից լուրջ կուտակումներ են եղել տարբեր ուղղություններում, եւ տարբեր շարասյուներ են եղել՝ տանկային, ավտոմոբիլային։ Չնայած մեր հիմնական խնդիրը 4-րդ պաշտպանականի շրջանում հակառակորդին ճնշելն էր, բայց պատրաստվում էինք խոցել նաեւ վերոնշյալ աջ ու ձախ հատվածներում հակառակորդի կուտակված շարասյուները։ Մի հատված կար, որտեղ հակառակորդը մոտ 25 տանկով էր փորձում առաջ գալ։ Մենք տարբեր դիտակետերում դիտարկումներ կատարելով կարողացել ենք պարզել, թե հակառակորդի թիկունքում ինչ է կատարվում։
Դա ապրիլի 4-ին էր, այո՞, կարծես ամենամեծ վնասները այդ օրն եք հասցրելհակառակորդին։
Այո, այդ օրը։ Ապրիլի 4-ին 6 ժամ ակտիվ մարտ ենք վարել։ Մեզ հաջողվել է, օգտագործելով երկու դիվիզիոնի ուժերը, ճնշել հակառակորդի շարասյուները, հարձակվող ստորաբաժանումները խոցել։ Այդ օրը, թերեւս, մենք շատ ավելի լավ ենք կատարել մեր առջեւ դրված մարտական առաջադրանքը։ Ինչքանով տեղյակ եմ՝ լուրջ վնասներ ենք հասցրել հակառակորդին, ինչի պատճառով էլ հակառակորդը զերծ է մնացել հարձակողական հետագա գործողություններից։
Շարունակությունն այստեղ:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47