Հայաստանից Սիրիայի բարեկամ ժողովրդին ուղարկված մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը Լաթաքիայի օդանավակայանից այս գիշեր հասել է Հալեպ՝ գրում է Հալեպի հայկական «Գանձասար» օրաթերթը:
Հալեպի Սրբ Աստվածածին եկեղեցու դիմաց ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները և Հմեյմիմ ռազմակայանի ռուս սպաները օգնությունը հանձնել են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին, որն ասել է՝ այն բաժանվելու է Սիրիայի ժողովրդին՝ հայերից բացի, նաև արաբներին և մյուս համայնքների ներկայացուցիչներին:
Ավելի վաղ Սիրիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել էր, որ Հայաստանից Սիրիա ուղարկված 40 տոննա կշռող մարդասիրական բեռը հասել է Լաթաքիա:
Սա Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի երրորդ խմբաքանակն է։
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի երկրորդ եռամսյակում կհատկացվի 43 մլն դրամ: