Փնտրվում է հայուհի «Միսսիս Եվրոպա» գեղեցկության և մայրության մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար
14.07.17 | 15:16
Այսօր ազդարարվեց «Միսսիս Եվրոպա» գեղեցկության և մայրության մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը: Փնտրվում է հայուհի «Միսսիս Եվրոպա» գեղեցկության և մայրության մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար. այս մասին ասացին վերոնշյալ մրցույթի Հայաստանի տնօրեն Աննա Դեմիրխանյանը և Ազգային ընտրական փուլի համակազմակերպիչ Աստղիկ Բախշիյանը:
«Անհրաժեշտ են 20- 55 տարեկան, ցանկալի է երեխա ունեցող, հմայիչ և խելացի կանայք, որոնք պատրաստ են ներկայացնել Հայաստանը և հայ կնոջ կերպարը: «Միսսիս Եվրոպա»-ն պարզապես գեղեցկության մրցույթ չէ՝ այնտեղ կազմակերպիչներին ավելի հետաքրքրում է կանանց ոչ թե արտաքին տվյալները, այլ կնոջ դերը հասարակության մեջ և ընտանիքում: Մրցույթի շրջանակներում անցկացվում է ֆորում՝ «Բռնության դեմ պայքար ընտանքիում» թեմայով, որի ընթացքում կանայք ներկայացնում են, թե ի՞նչ խնդիր կա իրենց երկրում»,- ասաց Աննա Դեմիրխանյանը:
Մրցույթն անցկացվելու է Նովոսիբիրսկ քաղաքում՝ օգոստոսի 17-20-ը: Մասնակիցները ներկայանալու են ազգային տարազով, երեկոյան զգեստով և սպորտային համազգեստով:
Աստղիկ Բախշիյանը շտապեց նշել, որ շատ կանանց կարող է հետաքրքրել այն, որ լողազգեստով բեմել չի լինելու:
Բոլոր բարետես և նպատակասլաց կանայք կարող են դիմել:
Ցանկացողներն այսօրվանից կարող են գրել misses.armenia@gmailcom էլ. հասցեով և զանգահարել 098 886 994 հեռախոսահամարով:
Արմինե Բրսոյան