10 օր է ոռոգման ջուր չունենք, բերքը չորացավ. ահազանգում են սոլակցիները
30.07.17 | 14:00
Ոռոգման սեզոնը սկսվել է, սակայն Հայաստանում որոշ գյուղեր առհասարակ զրկված են ոռոգման ջրից, մեծ մասն էլ` ամռանը պարբերաբար խնդիրներ է ունենում ընդհատումներով տրվող ոռոգման ջրի պատճառով:
Արդեն 10 օր է ինչ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ոռոգման ջուր չկա: Գյուղացիները ահազանգում են, որ բերքը չորանում է, իսկ ՋՕԸ-ի տնօրենը տեղից չի շարժվում. «Էս շոգին 10 օր, որ ջուր չլինի էլ բերք կմնա, սաղ վառվեց: Ջուր չեն տալիս, ասում են ջրի փող եք պարտք: Ջուր թող տան, ջրենք, բերքը հավաքենք ծախենք ոռոգման ջրի փող կտանք: Բերքը, որ չորանա, որտեղից ջրի տանք»,-բողոքում էին սոլակցիները, ապա հավելում, որ չեն հրաժարվում գումար վճարելուց, ջուր տան, իրենք էլ օգտագործած ջրի դիմաց կվճարեն:
Խնդրի շուրջ զրուցեցինք «Հրազդան ջուր» ՋՕԸ-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանի հետ, ով էլ իր հերթին արդարանալու համար ասաց, որ գյուղացիները գումար չեն վճարում. «1 շաբաթ է, որ գյուղում ոռոգման ջուր չկա, այսօր մինչեւ կեսօր հարցը կկարգավորվի: Եվ վթար էր եղել, ե՛ւ գյուղացիները ոռոգման ջրի գումարները չեն վճարում: Այս պահը ես Սոլակին 2մլն. դրամ ջուր եմ տվել, սակայն 18 հազար դրամ է եմ հավաքել: Գումար չկա գանձած, աշխատող էլ չունեմ, մի հոգի գտել եմ պայմանագիր եմ կնքել հետը: Ես ձեզանից խնդրում եմ, ով կզանգի բողոքի անուն-ազգանունը ասեք տեսնեմ դրանք ջրի վարձ տվել են, թե ոչ, անանիմկա զանգեր չընդունեք»,-ասաց Վարդան Ալեքսանյանը:
hraparak.am