Արտագնա աշխատանքի մեկնածների ընտանիքներին նպաստից զրկելու խնդիր նախարարությունը չի դրել. Արտեմ Ասատրյան
08.09.17 | 15:23
ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում է՝ արտագնա աշխատանքի մեկողների ընտանիքները չեն զրկվի իրենց հասանելի նպաստներից:
Անդրադառնալով օրերս լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ նախարարությունը վերահսելու է նպաստառու ընտանիքների եկամուտը՝ Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ լրատվամիջոցների մեկնաբանությունների հետ համաձայն չէ:
«Խոսքը արտագնա աշխատողների ընտանիքներին նպաստից դիտմամբ զրկելու մասին չէ: Այդպիսի խնդիր դրված չի և չի կարող լինել: Մենք ունենք անապահովության գնահատման համակարգ, որը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը: Դրա վրա մի շարք գործոններ են ազդում, այդ թվում նաև եկամուտ ունենալը կամ չունենալը», - լրագրողներին ասաց նախարարը:
Վերջինս ընդգծեց, որ եթե ընտանիքի անդամներից մեկը բացակայում է, ապա նախարարությունը բացակայության հանգամանքը դիտարկում է որպես գործոն՝ անապահովության գնահատումն իրականացնելիս:
«Այս քայլերով փորձ ենք անում լուծել այն հիմնարար խնդիրը, որը նաև հասարակության բավականին լայն շերտեր արծարծում են՝ բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, որպեսզի այն ընտանիքները, որոնք անապահով չեն, չօգտվեն այդ իրավունքից, իսկ նրանք, ովքեր անապահով են և դուրս են մնացել, օգտվեն», - նշեց նախարարը:
Վերջինս նաև նկատեց, որ արտագնա աշխատանքի մեկնելը կամ առհասարակ աշխատանք ունենալը չի ենթադրում նպաստի տրամադրման բացառում:
«Համակարգում ընդգրկված է 106 հազար ընտանիք, որտեղ կան աշխատող ընտանիքներ, այսինքն՝ աշխատավարձ ստանալը դեռևս չի նշանակում զրկվել նպաստից: Աշխատավարձը գործոններից մեկն է, որը ազդեցություն է ունենում անապահովության միավորի վրա», - հավելեց նա: