Թուրքիան մեղարում է Գերմանիային նամիբիացիների ցեղասպանության համար
12.06.16 | 21:30
Այժմյան Նամիբիայում գերմանական զորքերը 1904-1905թթ. հերերո ցեղախմբի նկատմամբ ցեղասպանություն են իրականացրել:
Այդ ցեղասպանության մեջ մեղադրելով Գերմանիային՝ Թուրքիան այժմ ցանկանում է ռևանշ վերցնել՝ ի պատասխան Հայոց ցեղասպանությունը ճանաչող Գերմանիայի բանաձևի:
Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ի ներկայացուցիչ, պատգամավոր Մեթին Քյուլյունքը խորհրդարանում հանդես է եկել այդ թեմայով քննարկումներ սկսելու առաջարկով: Որպես հիմնավորում նա գրում է. «Գաղութատեր Գերմանիան 1904-1907թթ. Հարավարևմտյան Աֆրիկայում անցկացրել է բնակչության ոչնչացման կազմակերպված քաղաքականություն մի երկրում, որն այժմ կոչվում է Նամիբիա»:
Սակայն այսօր Գերմանիայում առողջ դատողություն ունեցող ցանկացած ոք դա չի ժխտում: Հերերո ցեղախմբի, ինչպես նաև նամա կոչվող ժողովրդի նկատմամբ գերմանական զորքերի գործողությունները միանգամայն համապատասխանում են 1948թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևին, որը տարորոշում է այն չափանիշները, ըստ որոնց՝ կարելի է ցեղասպանություն որակել որևէ հանցագործություն: 260-րդ բանաձևի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում այն հանցանքը, որն իրագործվել է «ինչ-որ ռասայական, էթնիկ կամ կրոնական խմբի ամբողջովին ամ մասամբ ոչնչացնելու դիտավորությամբ»: Գերմանիան հենց այդպես էլ վարվել է Նամիբիայում:
Ինչպես Թուրքիայի համար 1915-16թթ. քրիստոնյա հայերի նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը, Գերմանիայի համար նույնպես դժվար էր ընդունել հերերո ցեղախմբի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Դեռևս 1984թ. ԱԳՆ-ը հաստատեց, որ ցեղասպանության մասին բանաձևը հետադարձ ուժ չունի. իրավաբանորեն մեղավոր են ճանաչվում միայն ցեղասպանությունն անմիջականորեն իրականցնողները, իսկ այդ մարդիկ վաղուց արդեն ողջ չէին:
Բացի դրանից, 1984թ. ոչ ոք չկար՝ ապացուցելու համար, որ փրկվել է ցեղասպանությունից: Միայն նրանք կարող էին փոխհատուցում պահանջել: Այդ պատճառով էլ թեպետ այդ անարդարությունը ընդունվեց պաշտոնապես, սակայն իրավական հետևանքները ամբողջովին բացառվեցին:
Գաղութատիրական պատերազմները հարյուր տարի անց կորցնում են փոխհատուցման պահանջի ուժը, դա վերաբերում է ոչ միայն Գերմանիային: Դրանում է հերերո ժողովրդի ցեղասպանության և նացիստական Հոլոքոստի տարբերությունը: 2015թ. Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը իր խոստովանությամբ վերջակետ դրեց գերմանական քաղաքականության շուրջ բանավեճերին: «Միջազգային իրավունքի այսօրվա չափանիշներով հերերո ցեղի ապստամբության ճնշումը եղել է ցեղասպանություն»,- գրել է Լամերթը: Գերմանիայի ԱԳՆ-ը նույնպես խոստովանել է. «1904-1907թթ. Նամիբիայում տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է և ցեղասպանություն»: Այս նախադասությունը հետագայում Գերմանիայի կառավարության դիրքորոշումը դարձավ:
Այնպես որ՝ քննարկելու փոխարեն՝ ցեղասպանությո՞ւն է արդյոք 1904-1907թթ. Նամիբիայում կատարվածը, Էրդողանի շրջապատը թող օրինակ վերցնի Գերմանիայից և վերջապես ընդունի Հայոց ցեղասպանության փաստը: Դա ոչ մի կորստի չի հանգեցնի, այլ կնպաստի քաղաքական երկխոսությանը: