ԵՄ-ն Հայաստանին 15,2 մլն եվրո է հատկացրել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում բարեփոխումների համար
11.10.17 | 16:57
Եվրամիությունը Հայաստանին 15,2 մլն եվրո է հատկացրել, 2017-2019թթ․ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում բարեփոխումների համար, հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Արմավիրի մարզի պետական քոլեջում սոցիալական ձեռնարկության տպարանի բացման արարողությունից հետո:
Տպագրատունը նպատակ ունի աշխատանքով ապահովել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ծրագիրն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մասնագիտական կրթություն և զբաղվածություններ հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում:
«Մեր օրակարագը հստակ է՝ պետք է քայլեր ձեռնարկել հավաստիանալու, որ երիտասարդներն ու նրանց հմտությունները ներառական զարգացման հիմքում են դրված: Համապատասխան հմտություններով երիտասարդներն ավելի լավ են պատրաստված ակտիվ քաղաքացի լինելու: Նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն լավ և հիմնավոր աշխատանք գտնելու համար: Նրանք ավելի պատրաստված են իրենց բիզնեսը հիմնելու և մյուսների համար աշխատատեղեր ստեղծելու», - նշեց Պյոտր Սվիտալսկին:
Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանն էլ ընդգծեց, որ ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող 40 երիտասարդ Արմավիրի պետական քոլեջում մասնակցել է վերապատրաստման դասընթացի, որոնցից հինգն արդեն աշխատանքի է անցել տպարանում:
«Ծրագիրը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող աշխատունակ երիտասարդներին մրցունակ լինել աշխատաշուկայում՝ կոտրելով հասարակությունում առկա կարծրատիպերը նրանց վերաբերյալ», - ասաց նա:
Նունե Մուրադյանը նաև նկատեց, որ տպարանի աշխատանքը էապես թեթևացնում է քոլեջի ծախսերի բեռը՝ արտադրելով ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ տպագիր նյութեր:
Տպարանի աշխատակից, կազմարար Հռիփսիմե Պողոսյանն էլ Aysor.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ գոհ է աշխատանքի պայմաններից և վարձատրությունից:
«Մենք հաճույքով աշխատում ենք: Ես շատ գոհ եմ իմ աշխատանքից: Բողոքներ չկան, աշխատավարձը նորմալ է: Կան պայմաններ, որ կարող են բարելավվել, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է», - նշեց նա (նկարում աջից նախավերջինը):
Ծրագիրը ներդրվել և իրականացվել է յոթ տարածաշրջանային քոլեջներում: Բացվել է հինգ սոցիալական ձեռնարկություն, որտեղ ներկայումս աշխատում են քսանհինգ երիտասարդներ: