Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացրած փոփոխությունները:
Նա նկատեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանի մի շարք փողոցներ ծանրաբեռնված են, անընդհատ խցանումներ են լինում: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է վերջին 10 տարվա ընթացքում Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների մեծ քանակով:
«Շրջանաձև երթևեկության խաչմերուկներում կատարել ենք երթևեկության փոփոխություն: Նախկինում շրջանակաձև երթևեկության խաչմերուկներում առավելությունը տրված էր խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցներին, այսինքն՝ ներսում գտնվողը զիջում էր խաչմերուկ մտնող տրանսպորտային միջոցներին: Փոփոխության արդյունքում՝ այժմ խաչմերուկի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցն առավելություն ունի ներս մտնող տրանսպորտային միջոցի նկատմամբ»,- նշեց Ե. Կարապետյանը:
Նա նաև ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել Հանրապետության հրապարակում. «Ուսումնասիրեցինք առաջադեմ եվրոպական երկրների փորձը: Իհարկե, մեզ մոտ մտավախություն կար, որ փոփոխությունից հետո վարորդները չեն կարող երթևեկել, բայց, ի ուրախություն բոլորիս՝ մեր վարորդների մոտ շատ լավ ստացվեց, ու կարճ ժամանակում կարողացան այս բոլոր փոփոխություններին նորմալ արձագանքել: Նախկինում հրապարակում Ճանապարհային ոստիկանությունն օրը 2-3 անգամ մոտենում էր ու տրանսպորտային միջոցների մեծ խմբաքանակի պատճառով՝ դատարկում էր հրապարակի տրանսպորտային միջոցները: Այսօր մենք այդ խնդիրը չունենք, քանի որ, երբ ներսում գտնվող տրանսպորտային միջոցն առավելություն ունի և դուրս է գալիս, այդ խնդիրն ամբողջությամբ վերացել է»:
Ե. Կարապետյանը նշեց, որ հաջորդ փոփոխությունը, որ իրենք կատարել են Հանրապետության հրապարակում, լուսացույցերի եռագույն ռեժիմը փոխելն է դեղին թարթող լուսացույցներով. «Սա թույլ է տալիս, որ վարորդը զգուշանա, որ ինքը մոտենում է հետիոտնային անցումին, ու դրանից հետո անընդհատ հոսք է ապահովվում թե՛ Հանրապետության հրապարակ, և՛ թե դրանից դուրս: Անընդհատ հոսք է ապահովվում նաև հետիոտնի համար: Երևանի քաղաքապետարանի հետ արդեն պլանավորել ենք, որ 2018 թվականին Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներն ընդհանուր ասֆալտի մակերեսից 5-7 սանտիմետր բարձրությամբ կբարձրանան, ու հետիոտնի համար ավելի անվտանգ կլինի հատել երթևեկելի գոտին, դա արհեստական խոչընդոտ կհանդիսանա տրանսպորտային միջոցների համար, որ իրենք դանդաղեցնեն ավտոմեքենայի արագությունը: Այս փոփոխությունների արդյունքում՝ նաև պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարներն այդ հատվածներում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: