Հունիսի վերջին Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ խնդիրը
23.06.16 | 22:12
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ և իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Մարկ Էյրոյի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ճգնաժամերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն:
«Լավրովը հունիսի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ: Նախատեսվում է անցկացնել կարծիքների խորացված փոխանակում միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ, անշուշտ, անդրադարձ կկատարվի նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության թեմաներին, ինչպես նաև ուկրաինական, Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի և մերձարևելյան կարգավորման հեռանկարներին»,- հայտարարել է նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։