Սաուդյան Արաբիայի հաջի եւ ումրայի հարցերով նախարարությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ թույլ է տվել արտերկրից ժամանած ուխտավորներին հաջ կատարել՝ Մեքքայի եւ Մեդինայի սուրբ վայրեր այցելելու թույլտվություն ունեցող ուխտավորների թիվը հասցնելով մեկ միլիոնի։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարությունը:
«Այս տարի մինչեւ մեկ միլիոն ուխտավորի՝ ինչպես թագավորությունից, այնպես էլ արտերկրից, հաջ կատարել թույլատրելու որոշումն արտացոլում է Սաուդյան Արաբիայի՝ հաջի շարունակականությանը նպաստելու շահագրգռվածությունը, որպեսզի աշխարհի մուսուլմանները կարողանան կատարել հաջի եւ ումրայի ծեսերը՝ Մարգարեի մզկիթ եւ այլ վայրեր այցելելով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այս տարի հաջ կատարել կկարողանան մինչեւ 65 տարեկան մարդիկ, ովքեր լիարժեք կերպով պատվաստվել են թագավորությունում հաստատված պատվաստանյութերով։ Թագավորություն ժամանելուց հետո 72 ժամվա ընթացքում նրանցից ՊՇՌ թեստի բացասական արդյունք կպահանջվի:
Համավարակի առաջին տարում Սաուդյան Արաբիան հաջ կատարել թույլատրել էր միայն երկրում ապրող մուսուլմաններին՝ սահմանափակելով նրանց թիվը 1000-ով: Անցյալ տարի հաջին եւս մասնակցել են միայն թագավորության բնակիչները, թեեւ նրանց թիվը հասցվել էր 60 հազարի։