Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս որոշման նախագիծը մենք բազմիցս քննարկել ենք ամենալայն ֆորմատներով և մեզ համար կարևոր է եղել հանգել այն որոշմանը, որը առավելագույն հնարավորությունը կտա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանելուն:
Այս որոշման էությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը արձանագրելն է, որպեսզի նաև և՛ տեղական առումով, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու իրավունքները ավելի ընդլայնվեն»,- ասել է նա:
Ըստ վարչապետի՝ որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածները նաև հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: