Կրեմլն ակնկալում է Երևանից ստանալ երաշխիքներ՝ կապված ՄՔԴ-ի՝ Պուտինի կալանավորման հրամանի կատարման հետ
12.02.24 | 15:09
Կրեմլը հայտնել է, որ ակնկալում է և վճռական է Երևանից ստանալ որոշակի երաշխիքներ՝ կապված Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման հրամանի կատարման հետ։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը չէ, որ որոշում է ՄՔԴ-ի պատժամիջոցներով ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալման հարցը՝ ասել է. «Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին էլ մենք տրամադրված ենք»։
Հստակեցնող հարցին, թե ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու՝ ՄՔԴ իրավասության ճանաչման հետ կապված, և արդյո՞ք դրանից հետո ՌԴ նախագահը կարող է այցելել Հայաստան՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է.
«Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը, որը կապված է այդ միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա»:
Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ երկրում միայն դատական մարմինները կարող են իրավական բնույթի այս կամ այն որոշում կայացնել՝ նշելով, որ վարչապետը չէ, որ որոշում է՝ ում կալանավորել, ում ՝ ոչ։