Երևանում 4, մարզերում 8 ժամից ավելի հոսանքազրկման պարագայում ՀԷՑ-ը բաժանորդներին վճարում է տուգանք. Տնօրեն
14.02.24 | 13:42
Յուրաքանչյուր բաժանորդ պետք է իմանա, որ Երևանում 4 ժամից ավելի, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի հոսանքազրկման պարագայում (բացառությամբ ֆորսմաժորային իրավիճակները), ՀԷՑ-ը վճարում է տուգանք, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
«Դրա համար կարիք չկա դիմել ընկերությանը, դա ավտոմատ հաշվեգրում ենք յուրաքանչյուր բաժանորդի քարտին՝ յուրաքանչյուր դեպքի համար մինչև 2500 դրամ՝ որպես էլեկտրաէներգիայի դիմաց վճարում։ Անցած տարիների ընթացքում շուրջ 600 մլն դրամի վճարում ունենք՝ որպես տուգանք»,-ասաց Կարեն Հարությունյանը։
Փոխհատուցումը, ըստ տնօրենի, երևում է բաժանորդի անհատական քարտում։
Նա նշեց, որ իրականացվող ներդրումային ծրագրերի ավարտին էլեկտրաէներգիայի անջատումների հարցում ընկերությունն ունենալու է էական բարելավումներ։
«Մեր ընկերության ֆինանսական կայունությունն ունի շատ բարձր մակարդակ։ Պատրաստ ենք լուծել մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, մարտահրավերները, շարունակելու ենք համագործակցությունը բոլոր տեսակի ֆինանսական և ինժեներական կառույցների հետ»,-ասաց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենը։