Բունդեսթագի որոշումն ամոթալի է. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
03.06.16 | 10:22
Թուրքիայի արտգործնախարարությունը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Գերմանիայում, որտեղ շատ ոլորտներում իրենց ազատությունները հանգիստ կարողանում են օգտագործել, 1915 թվականի դեպքերի առումով ճնշող մթնոլորտ է։ Փոխանակ փորձեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, հայերի պատմածից ելնելով երկրում երկար տարիներ աշխատանքներ են տարվում, բազմաթիվ գրքեր, վավերագրություններ ու ֆիլմեր են ներկայացնում գերմանացի հանրությանը՝ ստանձնելով միակողմանի եզրահանգումներ ձևավորելու պարտականությունը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Դրանում նաև նշվում է, որ «Գերմանիայի խորհրդարանի որոշումն ամոթալի է»։
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է «պատմության քաղաքականացումը, անցյալի մասին ազատ խոսելն արգելելը» և բանաձևը որակում որպես «իրավունքի ոտնահարման օրինակ»։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որում նշվում է, որ «Հայոց ցեղասպանությունն ապացուցված իրականություն չէ և ազատորեն կարող է քննարկվել»։
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։